Արագածոտնի կուսակալ Վաչուտյան իշխանները տեղում նոր եկեղեցիներ են հիմնել, հինը վերանորոգել և վերածել են խոշոր վանական համալիրի: Այդ նշանավոր համալիրը իր մեջ ներառում է Սբ. Սարգսի մատուռ-դամբարանը (կառուցվել է 5-7-րդ դդ): Ուշիի վանքը հատկապես 13-րդ դարում եղել է խոշոր մշակութային կենտրոն: Այստեղ գրվել և ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնք պարունակել են պատմական, աշխարհագրական, բնագիտական, փիլիսոփայական, աստվածաբանական երկեր: Ուշիի վանքը սերտ փոխհարաբերություններ է ունեցել շրջակա խոշոր վանական համալիրների՝ Հովհաննավանքի, Սաղմոսավանքի և Մուղնիի հետ: Ուշիի վանքը շարունակել է գոյությունը մինչև 18-րդ դարի կեսերը և աստիճանաբար լքվել ու ամայացել: 1827թ. Ուշիի վանքը ենթարկվել է ուժգին երկրաշարժի, որի ժամանակ հիմնահատակ կործանվել են համալիրի շինությունները:
1999թ. միայն վանական համալիրի տարածքում սկսվել են հնագիտական պեղումները: Գյուղի տարածքում հայտնաբերվել են հնագույն բնակավայրի ավերակներ, դրանք հազարամյակների պատմություն ունեն, այս տարածքում մարդն ապրել է դեռևս Քրիստոսից շատ առաջ: Այդ հնագույն բնակավայրի ավերակները պահպանվել են գյուղում: Բայց Ուշին միայն այս բնակատեղիով չի հայտնի: Այստեղ է գտնվում սուրբ Սարգիս վանական համալիրի ավերակները: Երկու եկեղեցի, գավիթ, պարիսպ, բնակելի շինություններ, այս ամենից այսօր միայն կիսաքանդ շինություններ են մնացել, որոնք հուշում են, թե ինչ հոյակերտ շինություն է եղել այն մի ժամանակ: Ըստ ավանդության` այս եկեղեցու հիմքերը Մեսրոպ Մաշտոցն է դրել 5-րդ դարում, և այստեղ է բերել ու ամփոփել Սարգիս զորավարի մասունքները: Վանքը հայտնի է նաև կիսաբոլոր աշտարակներ ունեցող պարսպով: Ժամանակը հոյակերտ շինությունից միայն ավերակներ է թողել:Այստեղ բազմաթիվ պեղումներ են իրականացվել, բայց հսկայական հատված դեռ սպասում է բացահայտման: Հնագետները համոզված են, որ այդ տարածքում հողի շերտի տակ շատ հուշակոթողներ կան թաքնված:Չնայած վանքն այսօր կիսաքանդ է, բայց այն շարունակում է ուխտատեղի լինել տարածքի բնակիչների և ոչ միայն նրանց համար:
No comments:
Post a Comment